Պոզները հայտարարել է Ռուսաստանում լրագրության «մահվան» մասին
Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավար Վլադիմիր Պոզները կարծում է, որ Ռուսաստանում անկախ ԶԼՄ-ներն իրենց տեղը զիջել են «կեղծ անկախ» լրատվամիջոցներին և «գաղափարական ճակատի զինվորներին»: Այդ մասին Պոզները պատմել է՝ ելույթ ունենալով Մարդու իրավունքների նախագահական խորհրդի հովանու ներքո կազմակերպված համաժողովում, գրում է snob.ru-ն:
«Ես դեռ աշխատում եմ, չնայած հնարավոր է՝ այս ելույթից հետո էլ չաշխատեմ»,- ասել է Վլադիմիր Պոզները:
Նա նշել է, որ լրատվամիջոցները, որոնք վերահսկում է պետությունը, կախված են իշխանություններից, այդ պատճառով դրանք պետք է գնահատել որպես «ազդեցության և պետական քարոզչության գործիքներ»:
«Բավական է դիտել լուրերը դաշնային հեռուստաալիքներով՝ համոզվելու համար, որ դրանք բոլորը միատեսակ են»,- ընդգծել է լրագրողը:
Պոզների կարծիքով՝ պետության հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները զբաղվում են հասարակական կարծիքի ձևավորմամբ, որը «պետք է իշխանություններին»: Նրա խոսքով՝ Խորհրդային միության տարիներին ԶԼՄ-ների նման աշխատակիցներին անվանում էին «գաղափարական ճակատի զինվորներ»:
«Այդ առումով իսկապես անկախ ԶԼՄ-ներ մեզ մոտ գոյություն չունեն: Այսօր Ռուսաստանում չկա լրագրություն որպես մասնագիտություն, կան լրագրողներ»,- հայտարարել է Պոզները: Նա համոզված է, որ եթե պետությունը ցանկանա փակել անկախ լրատվամիջոցները, ապա դա կանի:
Նա նաև պատմել է «Առաջին ալիքում» ներքին գրաքննության մասին:
Հեռուստահաղորդավարի խոսքով՝ նա չի կարող հրավիրել այն մարդկանց, որոնք «անկասկած հետաքրքրություն են ներկայացնում»: «Ես շատ ցանկանում էին հրավիրել Նեմցովին (ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ով սպանվեց այս տարվա փետրվարի վերջին- Tert.am), բազմիցս խնդրել եմ: Բայց այժմ արդեն հաստատ չեմ կարողանա»,- հավելել է Պոզները:










