Արքայազն Հարին առաջին անգամ հանդիպել է նորածին արքայադուստր Շառլոտին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին վերջապես հանդիպել է երեք շաբաթական արքայադուստր Շառլոտին։ Բրիտանացի արքայազնն Ավստրալիայում է գտնվել, երբ լույս աշխարհ է եկել փոքրիկը, գրում է yahoo.com-ը։
Ավստրալիայից Հարին ուղևորվել է Նոր Զելանդիա՝ նախքան Անգլիա վերադառնալն ու իր եղբոր՝ արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի դստերը տեսնելը։
«Հարին օրերն էր հաշվում, թե երբ է հանդիպելու Շառլոտին։ Նա շատ հուզված էր։ Չափազանց հպարտ հորեղբայր է»,- նշում են աղբյուրները։
Արքայազն Ուիլյամը դստերն անվանել է Շառլոտ Էլիզաբեթ Դիանա` իր հոր` արքայազն Չարլզի (ընտրելով նրա անվանման կանացի տարբերակը` Շառլոտ), մոր` Ուելսի արքայադուստր Դիանայի և տատի` Էլիզաբեթ թագուհու պատվին: Նորածինը բրիտանական գահի ժառանգների թվում 4-րդն է` պապից, հորից ու ավագ եղբորից հետո:










