Բրազիլական բանտում բախումների հետևանքով 7 մարդ է զոհվել, կան պատանդներ

10:12 • 25.05.15

Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆեյրա դի-Սանտանա քաղաքի բանտում սկսված անկարգությունների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 5 կալանավոր, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Քաղաքի ռազմական ոստիկանության ղեկավար, գնդապետ Ադելմարիու Շալվերն ասել է, որ իրավիճակը դուրս է եկել բանտի անվտանգության վերահսկողությունից, երբ բակում՝ զբոսանքի ժամանակ, երկու թշնամական խմբավորումների միջև բախում է սկսվել:



«Զոհերն ու վիրավորներն այդ բախումների հետևանքով են»,-ասել է բանտի տնօրեն Կլերիստոն Լեյտեն: Նա նշել է, որ կիրակի քրեակատարողական հիմնարկում տեսակցության օր է եղել: Դրանով է բացատրվում այն փաստը, որ բողոքող կալանավորները պատանդներ են վերցրել, որոնց թվում կան կանայք և երեխաներ:

 

Այժմ բանտային մասնաշենքը, որտեղ գտնվում են ցուցարարները, արգելափակվել է ոստիկանության կողմից: Բանակցությունների արդյունքում հաջողվել է տարհանել բոլոր վիրավորներին ու բուժօգնություն ցուցաբերել: Սակայն ոստիկանները դեռ չեն կարողացել պայմանավորվել պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ:

 

Բրազիլական ոստիկանության տվյալներով՝ բանտում, որը նախատեսված է 644 կալանավորի համար, 1.467 մարդ է պահվում: