Թալինի գեղարվեստի վերաբացված դպրոցում առաջիկայում սաների թիվը կկրկնապատկվի
Թալինում այսօր տեղի ունեցավ մանկական գեղարվեստի դպրոցի բացումը, որտեղ ուսանում են Թալինից և շրջակա գյուղերից թվով 74 աշակերտներ:
Գեղարվեստի դպրոցի շենքը՝ 1040 քմ ընդհանուր մակերեսով, կառուցվել է 1970-1972 թթ. և սկզբում գործել է որպես մանկապարտեզ: 2013 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թալին կատարած այցի ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների արդյունքում գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել և հիմնանորոգվել է:
Գեղարվեստի դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 35 տարվա պատմություն ունեցող դպրոցը ֆիզիկապես քայքայման եզրին էր կանգնած. «Խնդրանքով դիմեցինք հանրապետության Նախագահին, և ահա արդյունքը տեսնում ենք: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է, ամբողջովին կահավորվել: Դպրոցն ունի 11 դասարան՝ նախկին 6-ի փոխարեն, որոնցից 3-ը կիրառական արվեստի, 8-ը՝ գեղանկարչության»:
Գեղարվեստի դպրոցի տնօրենը համոզմունք հայտնեց, որ նոր ուսումնական տարում արդեն դպրոցում սովորող երեխաների թիվը կավելանա 50-ով:
Գեղագիտություն սովորող երեխաներն արդեն գործնական հաջողություններ ունեն և այսօր դպրոցի բակում բացվեց աշակերտների և քարագործության ուսուցչի միասնական ուժերով պատրաստած խաչքարը, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:










