Ավստրալիան պատրաստվում է զրկել իսլամիստ ծայրահեղականներին քաղաքացիությունից
Ավստրալիայի իշխանություններն աշխատում են օրենքի նախագծի վրա, որը նախատեսում է զրկել Մերձավոր Արևելքում իսլամիստ ծայրահեղականների շարքերում կռվող անձանց ավստրալական քաղաքացիությունից: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, գրում է Interfax.ru-ն:
Նրա խոսքով՝ այդ օրենքի նախագիծը կանդրադառնա նաև այն իսլամիստների վրա, որոնք հանցագործություններ են գործում երկրի տարածքում:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Իրաքում և Սիրիայում ծայրահեղական խմբավորումների կողմից այժմ կռվում է մոտ 100 ավստրալացի: Եվս առնվազն 150 մարդ, ով պատրաստ է աջակցել ծայրահեղականներին, գտնվում է երկրի տարածքում:
Վերջերս Ավստրալիան խստացրել է հակաահաբեկչական օրենսդրությունը: Այժմ Իրաք կամ Սիրիա ցանկացած այցի համար երկրի քաղաքացին կարող է ստանալ մինչև տասը տարվա ազատազրկում:










