Ֆրանսիացին ռումբի կեղծ ահազանգ է հնչեցրել ընկերուհու չվերթն ուշացնելու համար
Ֆրանսիայի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով ռումբի կեղծ ահազանգ է հնչեցրել, որպեսզի չվերթներից մեկն ուշացնի:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, տղամարդու ընկերուհին հայտնվել է խցանման մեջ ու եղել է չվերթից ուշանալու վտանգի տակ: Եվ որպեսզի ֆրանսիացին կանխի օդանավի` առանց իր ընկերուհու օդ բարձրանալը, նա որոշել է դիմել խորամանկության:
Երեսուներեքամյա ֆրանսիացին զանգահարել է Բորդոյի օդանավակայան ու ասել, որ այնտեղ ռումբ է տեղադրված: Ոստիկանությունն անմիջապես ստուգման աշխատանքներ է սկսել, բայց, բնականաբար, ոչ մի ռումբ չի գտել:
Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են ահազանգողին, ով խոստովանել է, որ նման քայլի է դիմել ընկերուհուն օգնելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ այսօրինակ «սիրային հերոսության» պատճառով ֆրանսիացին ստիպված կլինի 30.000 եվրո տուգանք վճարել:










