Բրիտանիայի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է Եվրամիության բարեփոխման հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երկուշաբթի երեկոյան Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերի հետ քննարկել է Եվրամիության բարեփոխման հարցը, որին բրիտանացի վարչապետը մտադիր է հասնել գործընկերներից մինչև Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվեն: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:
«Վարչապետն ընդգծել է, որ բրիտանացիները գոհ չեն առկա դրությունից, և կարծում են, որ ԵՄ-ն պետք է բարեփոխվի, որպեսզի վերացվի այն, ինչ իրենց անհանգստացնում է»,- նշել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը: «Ժան-Կլոդ Յունկերը կրկին հայտարարել է, որ կցանկանար Մեծ Բրիտանիայի համար համաձայնության արդար պայմանների հասնել և աջակցել դրանց»,- հավելել է նա:
Քեմերոնն ու Յունկերը «եկել են համաձայնության, որ անհրաժեշտ կլինեն հետագա քննարկումներ, այդ թվում՝ այլ առաջնորդների հետ»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է 2017 թվականի վերջին հանրաքվե անցկացնել ԵՄ-ի կազմում երկրի մնալու վերաբերյալ: Ինքը՝ վարչապետը հայտարարում է, որ ԵՄ-ի իր գործընկերներից կհասնի բարեփոխման անցկացման, և այդ ժամանակ բրիտանացիների մեծ մասը կքվեարկի միությունը չլքելու օգտին:










