Արարողակարգային ծախսերի հարցում չենք շռայլում, բայց դրանք պետք է պատշաճ իրականացվեն. Դ. Հարությունյան
2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց, թե մեկ միլիոնանոց աղքատների թիվը հիշելով ինչու ծախսերի կրճատումներ չեն անում: «Տնտեսել անհրաժեշտ է, նույն ավտոմեքենաները, ընդունելությունները ֆուրշետներն ու ճաշերը, մի՞թե հնարավոր չէ դրանք կրճատել: Արդյոք հնարավոր չէ՞ անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի, հատկապես պետական կառավարման համակարգում»,- հարցրեց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ արտակարգ տնտեսման ռեժիմ միշտ պետք է լինի, բայց չպետք է հասնի ծայրահեղության: «Կարող եմ ասեմ, եթե խոսքը արարողակարգային միջոցառումներին է վերաբերվում, ես համարում եմ այդտեղ տնտեսումը սխալ է, և փորձն է ցույց տալիս, որ նման դեպքերում տնտեսումը լրիվ հակառակ արդյունքն է տալիս, ավելի շատ ես կորցնում»,- ասաց նա և հավելեց, թե Կառավարությունը տնտեսելու համար է, որ մեքենա ձեռք չի բերել:
«Կարծում եմ դա պետք է ողջունենք, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ ձեռք չի բերվել»,- ասաց նա և հավելեց, թե օրինակ՝ արտասահմանյան գործուղումների բոլոր ծախսերը կատարել են 79%-ով, ինչն էլ է պայմանավորված տնտեսման ռեժիմով:
«Արարողակարգային ծախսերի հարցում մենք չենք շռայլում, բայց համարում ենք, որ դրանք պետք է իրականացվեն պատշաճ»,- ասաց նա:
Ուրիխանյանը արձագանքեց, թե այսքանի հետ մեկտեղ դեռ էլեկտրաէներգիայի սակագին են ուզում բարձրացնել:
«Էլեկտրաէներգիայի սակագին եք ուզում թանկացնել, չնայած դժվար թե ստացվի, բայց հեշտ չի լինելու և նորից ու նորից՝ մեկ միլիոն աղքատներին չմոռանանք»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Որ ասում եք իշխանությունն է բարձրացնում, նախ ասեմ, որ Դուք էլ համատեղ իշխանություն եք և պետք է ասեք՝ մենք ուզում ենք բարձրացնել, եթե իրավական ճշգրտությամբ եք ուզում ասել, պետք է ասել՝ կա հայտ և քննարկվում է այն»:










