Մինսկը հուսով է, որ Եվրամիությունը կվերանայի իր հարաբերությունները Բելառուսի հետ
Մինսկը հուսով է, որ Եվրամիությունը կվերանայի իր քաղաքականությունը Բելառուսի հանդեպ և կաջակցի երկրի տնտեսության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Ելենա Կուպչինան, գրում է ria.ru-ն:
Բելառուսում մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնող Եվրամիությունը 2012 թվականին ընդլայնել է դեռևս 2010 թվականի դեկտեմբերին երկրի դեմ սահմանված պատժամիջոցները՝ մասնավորապես սահմանափակելով բելառուս պաշտոնյաների մուտքը Եվրամիության տարածք, և հարաբերությունների բարելավման պայման է դրել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Եվրամիության խորհուրդը Բելառուսի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարացրել է մինչև 2015 թվականի հոկտեմբերի 31-ը:
«Մենք հուսով ենք, որ ԵՄ-ն կվերանայի Բելառուսի նկատմամբ իր քաղաքականությունը և աջակցություն կցուցաբերի եվրոպական ֆինանսական ինստիտուտների ռեսուրսներին հասանելիության միջոցով»,- ասել է Կուպչինան: Նրա խոսքով՝ «դա բխում է և՛ Բելառուսի, և՛ ԵՄ-ի շահերից, ինչպես նաև՝ զգալիորեն տարածաշրջանային կայունության շահերից»:










