Քեմերոնն ու Պուտինը համաձայնել են վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները
Հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել Սիրիայի հարցով բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության շուրջ:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հաղորդել է բրիտանական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Երկու երկրների առաջնորդները համաձայնել են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար աջակցությունը և «Իսլամական պետություն» խմբավորման տարածման կասեցումը համապատասխանում են Միացյալ Թագավորության և Ռուսաստանի շահերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների խորհրդականները հանդիպեն ու վերսկսեն բանակցությունները սիրիական հակամարտության շուրջ:
Մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Քեմերոնը գոհունակություն է հայտնել իրանական միջուկային ծրագրի շուրջ երկու երկրների համագործակկցության առիթով և զրույցն ավարտել է՝ ասելով, որ երկու երկրները կարող են գտնել նաև այլ հարցեր, որոնք փոխադարձ շահ են ներկայացնում, և Բրիտանիան ու Ռուսաստանը հնարավորություն կունենան աշխատել միասին:
Քեմերոնը, սակայն, ընդգծել է, որ ուկրաինական հարցում խոր տարաձայնությունները պահպանվում են և կոչ է արել խստորեն հետևել մինսկյան պայմանավորվածություններին:










