Քաղաքական ապտակների շարան Ռիգայից` ուղղված տոտալիտար ռեժիմի տակ կքացող Ադրբեջանին

22:40 • 26.05.15

 Ինչպես գիտենք՝ մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանում էր Արևելյան գործընկերության թվով 4-րդ գագաթաժողովը: Գագաթաժողովի մասնակիցների կազմը, իհարկե, շատ տպավորիչ էր, քանզի իրենց մասնակցությամբ գագաթաժողովի աշխատանքները պատվել էին, Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների ղեկավարները, ինչպես նաև՝ գործընկերության ծրագրի մասնակից 6 պետություններից 4-ի ղեկավարները, այդ թվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս պարագայում ամենևին էլ պարտադիր չէ հատուկ գերբնական շնորհներով օժտված լինել՝ կռահելու, թե այդպիսի ներկայացուցչական և մեծ կարևորություն ունեցող հանդիպմանը, որ երկու պետությունների ղեկավարները չէին մասնակցում: Ոչ մեկի համար էլ անակնկալ չէր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի չմասնակցությունը գագաթաժողովին, քանզի եթե տեղյակ ենք Արևելյան գործընկերության պատմությանը, սկսած դրա մեկնարկից` 2009 թվականից, մինչև այսօր, ապա Բելառուսին ոչ մի կերպ չենք դասի այդ նախագծի ամենաակտիվ մասնակիցների շարքին, ընդհակառակը` Բելառուսի համար այս նախագիծը հենց առաջին օրվանից էլ ունեցել է երկրորդական նշանակություն:

 

Այս պարագայում, եթե զանազան հանգամանքներից ելնելով՝ հաշվարկից հանում ենք Բելառուսը, ապա պարզորոշ կերպով տեսնում ենք այն երկիրը, որը իր իսկ մեղքով հայտնվել է միջազգային հանրությունից կտրված ու իզոլացված վիճակում և վայելում է իր «հպարտ» միայնությունը: Իհարկե՝ գագաթաժողովի մասնակիցների շարքում այդ բացական ալիևյան հանցավոր կլանի կողմից ղեկավարվող, Ադրբեջան անունը իր վրա փակցրած, միջազգային իրավունքի թերի սուբյեկտ հանդիսացող մեր արևելյան հարևանն էր իր ղեկավարով հանդերձ:

 


«Այն, որ Ադրբեջանին լավ պահեր չէին սպասվում Բալթիկի ափերին, դա պարզ էր արդեն գագաթաժողովից մի քանի օր առաջ, քանզի Ադրբեջանը արդեն օրեր առաջ հայտարարել էր, որ գագաթաժողովին չի մասնակցի նախագահի մակարադակով, այլ միայն նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի և արտգործնախարար Մամեդյարովի՝ բառիս թե′ ուղիղ, թե′ փոխաբերական իմաստները իր մեջ ամբողջացնող ցածր մակարդակով:


Նման մակարդակի հանդիպմանը Ադրբեջանի նախագահի չժամանումը վերլուծության ենթարկելու արդյունքում գալիս ենք այն համոզման, որ նախ՝ 1) այդ  երկիրը  այդպես էլ չկարողացավ ներկայացնել Եվրամիության հետ գործակցության իր տեսլականը, ինչի մասին հայտարարել էր, և ինչին սպասում էին եվրոպացի պաշտոնյաները: Չկարողացավ իր քոչվորային մտածելակերպից և պալեոլիթային աշխարհընկալումից վեր այլ բան տեսնել, տեսնել լավը, զարգացածը, ազատը, այլ ոչ թե օգտագործել ջայլամային քաղաքականության ամբողջ զինանոցը, այս պարագայում, սակայն գլուխը ոչ թե հողի, այլ նավթի մեջ ընկղմելով` մտածելով, որ իրեն և իր թերությունները ոչ ոք չի նկատում:

 

2) Ալիևի չմասնակցելը գագաթաժողովին ցույց տվեց նաև նրա այն հանձնառությունը, որ նա ամենևին էլ հակված չէ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը և չի հրաժարվում հարցի ռազմական լուծումից, քանի որ խաղաղություն ցանկացող պետության ղեկավարին չէր խանգարի օգտագործել առիթը և ևս մեկ անգամ բանակցությունների սեղանին նստել Հայաստանի իր գործընկերոջ հետ, ով գտնվում էր Ռիգայում:

 

Իսկ հիմա անդրադառնանք գագաթաժողովի ընթացքին և արդյունքներին, որն իր հագեցվածությամբ և դեպքերի անակնկալ վայրիվերումներով հաստատ ձանձրանալու առիթ չընձեռեց մասնակից կողմերից և ոչ մեկին:


Գագաթաժողովի արդյունքը հադիսացավ վերջնական հռչակագիրը, որը մի շարք այլ հարցերի հետ միասին շոշափում էր նաև Ղարաբաղյան հարցը, որի հետ կապված գագաթաժողովի մասնակիցները իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:


Հռչակագրի ստորագրման հետ կապված, սակայն, ամեն ինչ չէր, որ հարթ էր ընթանում: Ադրբեջանը հերթական անգամ բաց չթողեց առիթը բարձրացնելու իր վայնասունը, և բանը անգամ հասավ նրան, որ նրանց ԱԳ նախարարը, համաձայն չլինելով հռչակագրում տեղ գտած դրույթների հետ, դեմոնստրատիվ կերպով լքեց նիստերի դահլիճը և անհետացավ: Իսկ հռչակագրի մեջ մասնավորապես խոսք էր գնում գագաթաժողովի անդամ երկրների համատեղ աջակցության մասին, Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած, որոնց վերաբերյալ Ադրբեջանը մինչև հիմա չի արտահայտել իր կարծիքը և Ռիգայում էլ իր անհանդուրժողականությունը ցուցաբերեց այդ ամենի նկատմամբ:

 

Իսկապես՝ Ռիգայում մայիսի 22-ին շատ խճճված իրավիճակ էր ստեղծվել, և հռչակագրի ստորագրումը հայտնվել էր փակուղում, քանզի բոլոր երկրները համաձայնության էին բերել վերջնական հռչակագիրը, իսկ Ադրբեջանը արգելափակում էր դրա ընդունումը` կրկին անգամ դեմ դուրս գալով միջազգային հանրությանը և նրանց ջանքերին: Ադրբեջանի այս խամաճիկային դրսևորումներին ամենարժանի պատասխանը տվեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ով նվազագույնը՝ ոչ խելամիտ համարեց Ադրբեջանի քայլերը` հռչակագրի հետ կապված և, մասնավորապես, նշեց, որ «Արևելյան գործընկերությանը» Ադրբեջանի մասնակցությունը սահմանափակում է ծրագիրը, քանի որ այդ երկրի ներքին կառուցվածքը հակասում է եվրոպական արժեքներին: Ադրբեջանի այդ վարվելակերպից ազդված Շուլցը իր խոսքում նաև անդրադարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին և նշեց, որ Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ մեղադրական վճիռների կայացումը հակասում է ԵՄ «Արևելյան գործընկերության» արժեքներին, որոնց վրա ծրագիրը հիմնված է:

 


Ի վերջո, հռչակագրի հետ կապված, Ադրբեջանը, ամենահին մասնագիտության տիրոջ օրինակով, որոշակի սեթևեթումներից հետո համաձայնեց չտապալել այն և ստորագրել,  իհարկե՝ վերապահումներ կատարելով այն կետերի վերաբերյալ, որոնց հետ կապված նա դժգոհություն ուներ:

 


Եվ այսպես, կրկին անգամ Ադրբեջանը ցույց տվեց իր իրական դեմքը ամբողջ աշխարհին, կրկին անգամ ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ականատես եղավ ալիևյան կլանի հակամարդկային բնույթին, և կրկին անգամ ամենքը համոզվեցին, թե Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների կողմերից որի տեսակետները, համոզմունքները և մղումներն են համապատասխանում համամարդկային վեհ գաղափարներին և հետապնդած ազնիվ նպատակներին:


Հեղինակ` Հարություն Հայրապետյան