Բելգիան փակել է իր օդային տարածքը՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով
Բելգիայում չորեքշաբթի օրը՝ մայիսի 27-ին, փակվել է երկրի օդային տարածքը, և զանգվածաբար չեղյալ են հայտարարվել ավիաչվերթները, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Բրյուսելի օդանավակայանի կայքը:
Խնդրի պատճառ է նշվում ինքնաթիռների շարժման վերահսկողության համակարգում առկա տեխնիկական սխալը: Եվրոպական Eurocontrol դիսպետչերական ծառայությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառն էլեկտրամատակարարման հետ կապված անսարքություններն են:
Վթարն անդրադարձել է Բելգիայի ողջ օդային տարածքի վրա, շատ ինքնաթիռներ վերաուղղվել են հարևան երկրների օդանավակայաններ: Տեղի ժամանակով մինչև 17:30-ը երկրում չեն իրականացվի թռիչքներ և վայրէջքներ: Բելգիայի Belgocontrol դիսպետչերական ծառայությունն ուսումնասիրում է տեղի ունեցածի պատճառները:










