Air France-ի օդանավը չափազանց մոտ է եղել Աֆրիկայում գործող հրաբխին. քննիչներ
Air France ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չափազանց մոտ է եղել Աֆրիկայում գործող հրաբխին: Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի ավիացիոն իշխանությունները, ովքեր հետաքննում են մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպը, հաղորդում է CNN-ը:
Հասարակածային Գվինեայից Կամերուն թռչող Boeing 777-ը, որը 37 ուղևոր էր տեղափոխում, թեքվել է իր նախատեսված ճանապարհից՝ կայծակներից խուսափելու համար:
Ֆրանսիայի օդային միջադեպերի հետաքննությամբ զբաղվող գործակալությունը նշել է, որ թռիչքի ընթացքում ինքնաթիռը չափազանց շատ է մոտեցել տարածաշրջանում ամենաբարձր Կամերուն լեռանը, որի հրաբուխը դեռ ակտիվ է:
Ինքնաթիռում միացել են տագնապի ազդանշանները, և օդաչուները մոտ 2.700 մետրից բարձրացել են մոտ 4.000 մետրի: Տագնապի ազդանշաններն անջատվել են, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դուալայի օդանավակայանում:










