Անթալիան կարող է 1,5 մլրդ դոլար կորցնել՝ զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով
Թուրքիայի Անթալիա շրջանի զբոսաշրջային ոլորտի եկամուտների կորուստները հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով կարող են կազմել 1,5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը, գրում է ria.ru-ն:
«Մայիսի 21-ի դրությամբ Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 255 հազարով կամ 11 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Գրեթե 80 տոկոսով այդ կրճատումը տեղի է ունեցել ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման պատճառով: Մենք գրանցել ենք նաև Նիդեռլանդներից, Ավստրիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Իսրայելից զբոսաշրջիկների թվի կրճատում: Եթե այդ միտումը պահպանվի, այս տարի մենք կկորցնենք մոտ 1,5 միլիարդ դոլար», - ասել է Չեթինը:
Նա նշել է, որ հուսով է՝ ամռան ամիսներին զբոսաշրջային հոսքը կակտիվանա և հաջորդ տարի ամբողջությամբ կվերականգնվի։










