Բրիտանիան ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Էլիզաբեթ II

15:32 • 27.05.15

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին, ելույթ ունենալով խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

«Իմ կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումն ապահովելու համար, և կպնդի Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրականացման հարցում»,- հայտարարել է թագուհին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ելույթի գլխավոր կետերից մեկը կդառնա ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեի անցկացումը: Բացի այդ` ուղերձում անդրադարձ կկատարվի այնպիսի հարցերի, ինչպիսին են ահաբեկչությանը հակազդեցությունը, ներգաղթյալների հոսքի սահմանափակումը և Շոտլանդիայի խորհրդարանին ավելի լայն լիազորությունների տրամադրումը: