Էլիզաբեթ II-ը ելույթով հանդես կգա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

11:31 • 27.05.15

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ելույթ կունենա խորհրդարանում: Նա իր ուղերձով կբացի երկրի նոր գումարման գլխավոր օրենսդիր մարմնի առաջին նիստը: Այն ձևավորվել է մայիսի 7-ին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքներով, գրում է Российская газета-ն:

 

Էլիզաբեթ II-ի ելույթը, որը պարունակում է կառավարության գործունեության ծրագիրը, գրում են կառավարության անդամները, իսկ այնուհետև հաստատվում վարչապետի գրասենյակի կողմից: Թագուհին չի կարող դրա մեջ որևէ փոփոխություն մտցնել: Չնայած դրան՝ խորհրդարանում ելույթը կարևոր նշանակություն ունի բրիտանական միապետության համար, քանի որ այն ընդգծում է թագուհու պատմական դերը և պետության կառուցվածքում իր առաջատար դիրքը:

 

Ելույթի գլխավոր կետերից մեկը կդառնա ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեի անցկացումը: Բացի այդ` ուղերձում անդրադարձ կկատարվի այնպիսի հարցերի, ինչպիսին են ահաբեկչությանը հակազդեցությունը, ներգաղթյալների հոսքի սահմանափակումը և Շոտլանդիայի խորհրդարանին ավելի լայն լիազորությունների տրամադրումը: