Եվրահանձնաժողովն առաջարկում է Գերմանիային ընդունել ինը հազար փախստականի

17:57 • 27.05.15

Եվրոպական հանձնաժողովը քվոտաների բաժանման շրջանակներում առաջարկել է Գերմանիային ընդունել մոտ 9 հազար փախստական, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

«Խոսքն արտակարգ միջոցների մասին է՝ հաշվի առնելով այն փաստը, որ միջերկրածովյան երկրները հայտնվել են շատ ծանր վիճակում»,- Բրյուսելում հայտարարել է ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

 

Նրա խոսքերով՝ Եվրամիության 23 երկրներում նախատեսվում է տեղավորել 40 հազար փախստականի: Խոսքը հիմնականում Սիրիայից և Էրիտրեայից փախստականների մասին է, որոնք միջազգային հանրության պաշտպանության կարիքն ունեն:

 

Փորձագետները կասկածում են, թե արդյոք Եվրահանձնաժողովին կհաջողվի իրականացնել այդ ծրագիրը: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը և Ֆրանսիան, թերահավատորեն են վերաբերում Բրյուսելի առաջարկներին: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան հատուկ պայմանավորվածությունների առկայության հետ կապված առհասարակ դուրս են քվոտաների համակարգից:

 

Միևնույն ժամանակ Գերմանիան արդեն պատրաստակամություն է հայտնել փախստականներին տեղավորելու համար 8763 տեղ ստեղծել: