Մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչ տառապում է թերսնումից. ՄԱԿ
Աշխարհում թերսնված մարդկանց թիվը մոնիթորինգի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ 800 միլիոնից քիչ է: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով պարենային անվտանգության մասին ՄԱԿ-ի ամենամյա զեկույցը:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հաշվարկում է թերսնումից տառապող մարդկանց թիվն արդեն 25 տարի:
Կազմակերպության տվյալներով՝ այժմ աշխարհում կա թերսնումից տառապող 795 միլիոն մարդ: Դա նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր իններորդ բնակիչ տառապում է դրանից:
2012 թվականին այդ թիվը 870 միլիոն է եղել կամ երկրագնդի յուրաքանչյուր ութերորդ բնակիչ: 25 տարվա ընթացքում աշխարհում նման մարդկանց թիվը կրճատվել է 216 միլիոնով:
Ինչպես հայտնում է կազմակերպությունը, եթե 1990-ականների սկզբին զարգացող երկրներում բնակչության 23,3 տոկոսն էր տառապում թերսնումից, ապա այժմ դրանից տառապում է այդ երկրների բնակիչների 12,9 տոկոսը:










