Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է. ԱԺ փոխնախագահ

20:28 • 27.05.15

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից՝ հանդիպմանը քննարկվել են հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարևորվել է փոխայցերի անհրաժեշտությունը` երկխոսության ակտիվացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի նախագծման համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի ղեկավար Սեյշիրո էտոյին, բարեկամության լիգայի ղեկավարի տեղակալ Տակեակի Մացումոտոյին և խմբի անդամ, Ճապոնիայի Արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներով`հայ-ճապոնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար:

 


Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ակիրա Մուտոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ճապոնիայի ներքաղաքական զարգացումներին, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ: Դեսպան Ակիրա Մուտոյի խնդրանքով հայկական կողմն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հակամարտությանը:

 

Հայկական պատվիրակության ղեկավարը դատապարտելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումն անիրավացիորեն շաղկապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Նա նշել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և Թուրքիան այնտեղ որևէ անելիք չունի: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Ադրբեջանի գործողությունները` նշելով, որ դրանք չեն համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: