«Սինգապուրի ավիաուղիների» ինքնաթիռը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ 4.000 մետր անկում գրանցելուց հետո

12:46 • 27.05.15

182 ուղևոր և անձնակազմի 12 անդամ տեղափոխող «Սինգապուրի ավիաուղիներ» ավիաընկերության Airbus օդանավը դեպի Շանհայ ճանապարհին 4.000 մետր անկում է ունեցել՝ երկու շարժիչների անջատվելու հետևանքով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ավիաընկերությունը՝ հայտնելով միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին, գրում է The Guardian-ը:

 

Ինչպես նշվում է ավիաընկերության հայտարարության մեջ՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին։ Օդանավը Սինգապուրից մեկնելուց երեքուկես ժամ հետո բախվել է վատ եղանակային պայմանների խնդրին:

 

Երկու շարժիչները ժամանակավորապես անջատվել են, և անկման ընթացքում օդաչուները քայլեր են ձեռնարկել շարժիչների նորմալ աշխատանքը վերականգնելու համար: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Շանհայում:

 

Ընկերությունը հավելել է, որ ինքնաթիռի Rolls-Royce շարժիչները մանրամասն հետազոտվել են և փորձարկվել Շանհայ ժամանելուց հետո, սակայն ոչինչ չի հայտնաբերվել: «Մենք ուսումնասիրում ենք միջադեպը Rolls-Royce-ի և Airbus-ի հետ»,- հայտնել են «Սինգապուրի ավիաուղիներից»: