Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել Սիրիայում ոչ թռիչքային և բուֆերային գոտիների հարցի շուրջ

16:53 • 27.05.15

Անկարան և Վաշինգտոնը դեռ չեն կարողացել պայմանավորվածության հասնել Սիրիայի տարածքում ոչ թռիչքային և բուֆերային գոտիների ստեղծման շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ria.ru-ն:

 

«Թուրքիան և Միացյալ Նահանգները չեն հասել փոխադարձ պայմանավորվածության ոչ թռիչքային և բուֆերային գոտիների ստեղծման շուրջ»,- ասել է Էրդողանը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դա ուղղելու համար:

 

Նրա խոսքով՝ նման գոտիների ստեղծման անհրաժեշտության մասին Թուրքիան արդեն պայմանավորվել է Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ: Թուրքիայի նախագահը հավելել է, որ չնայած սիրիական ճգնաժամի վերաբերյալ Անկարայի և Վաշինգտոնի ունեցած տարաձայնություններին՝ սկսվել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի գրոհայինների պատրաստման և վերազինման թուրք-ամերիկյան համաձայնագրի իրականացումը:

 

«Թուրքիան պետք է ինքը լուծի իր խնդիրները»,- ասել է Էրդողանը՝ նշելով Սիրիայի հետ ընդհանուր սահմանի հետ կապված դժվարությունների մասին, ինչը, նրա խոսքով, կարևոր տաբերություն է Թուրքիայի համար այլ երկրներից, որոնք նույնպես զբաղվում են սիրիական խնդրով: