Freedom House-ն անհանգստացած է ադրբեջանցի քաղբանտարկյալի առողջական վիճակով

17:39 • 28.05.15

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են բուժօգնություն տրամադրել դրա անհրաժեշտությունն ունեցող, ազատազրկված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին, տեղեկացնում է contact.az կայքը:

 

«Անմարդկային է, երբ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բուժօգնություն ցուցաբերել Ինթիգամ Ալիևին, մի իրավապաշտպանի, որը 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել շինծու մեղադրանքներով: Այժմ նա մեջքի վնասվածքի պատճառով չի կարողանում նստել ու նորմալ շարժվել, ինչն անտանելի ցավ է պատճառում նրան», -ասել է Freedom House-ի ծրագրերի ղեկավար Ռոբերտ Հերմանը:

 

Ինթիգամ Ալիևի հանդեպ վերաբերմունքն իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին հիշեցրել է Ռուսաստանում 2009 թվականին ազատազրկված Սերգեյ Մագնիտսկու գործը:«Մենք Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք Ալիևին և մյուս քաղբանտարկյալներին անհապաղ բուժօգնություն ցուցաբարել», -ասված է հայտարարության մեջ:

 

52-ամյա Ինթիգամ Ալիևը դատապարտվել է «անօրինական գործարարության» մեղադրանքով: