Nike–ը ներգրավված է ՖԻՖԱ-ի գործով ԱՄՆ իշխանությունների հետաքննությունում. The Wall Street Journal
Սպորտային հագուստի արտադրող Nike ընկերությունը ներգարվված է ՖԻՖԱ-ի մի շարք գործող և նախկին ղեկավարների նկատմամբ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից անցկացվող հետաքննությունում, հայտնում է The Wall Street Journal-ը:
Արդարադատության նախարարության մեղադրական եզրակացությունում առկա մանրամասների մեջ կան կաշառակերության մեղադրանքներ ԱՄՆ-ում գլխավոր գրասենյակ ունեցող մի սպորտային ընկերության մասնակցությամբ, որը ձգտել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ պայմանագիր կնքել:
Այդ մեղադրական եզրակացությունում կոնկրետ Nike-ի անունը չի նշվում, սակայն Nike-ի կայքում առկա տվյալների համաձայն՝ այդ ընկերությունը 1996 թվականին ստորագրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ հովանավորության համաձայնագիր: Անօրինական գործողությունների մասին պատմող մեղադրական եզրակացությունում նշվում է հենց այդ տարեթիվը:
Nike-ում ձեռնպահ են մնացել արդարադատության նախարարության նյութերում առկա հարցերի վերաբերյալ մեկնաբանություններից, բայց նշել են, որ ընկերությունը մտահոգված է հայտնված մեղադրանքների վերաբերյալ և համագործակցում է անցկացվող հետաքննության հետ:
Մեղադրական եզրակացությունում, թերթի տվյալներով, մասնավորապես նշվում է, որ «A սպորտային ընկերությունը», 1996 թվականին ստորագրելով Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ տասը տարի ժամկետով ընդհանուր 160 միլիոն դոլար գումարի հովանավորության համաձայնագիր, շուտով ստորագրել է ևս մեկ համաձայնագիր, որը թույլ է տալիս լրացուցիչ «կոմիսիոն վճարումներ», որոնք 1996-ից մինչև 1999 թվականը կազմել են մոտ 30 միլիոն դոլար: Արդարադատության նախարարությունում կարծում են, որ այդ միջոցներն օգտագործվել են «կաշառքի» և «ատկատների» համար:










