Տաջիկստանի ՕՄՕՆ–ի նախկին հրամանատարը միացել է «Իսլամական պետությանը»

11:58 • 28.05.15

Տաջիկստանի հատուկ նշանակության մոբիլ ջոկատի (ՕՄՕՆ) հրամանատար, ոստիկանության գնդապետ Հուլմուրոդ Խալիմովը, որը անհետացել էր երկրից մեկ ամիս առաջ, հայտնվել է Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների շարքերում, ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում հրապարակված նրա տեսաուղերձից:


Տեսանյութում Խալիմովը հայտնվել է մահմեդական հագուստով իր «աջակիցների» խմբի շրջապատում:
Գնդապետը ռուսերենով բացատրում է իր որոշումը՝ դժգոհելով Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունում գոյություն ունեցող կարգերից, այդ թվում մահմեդական հագուստ կրելու և ամեն օր հինգ անգամ նամազ անելու արգելքներից:


Նրան դուր չի եկել նաև ռուս-տաջիկական և ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը, սակայն նշվում է, որ նա իր պատրաստվել ե ՌԴ-ի և ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանումներում:


ԻՊ-ին էլիտար ոստիկանական ստորաբաժանման հրամանատարի միանալու և Սիրիայում նրա գտնվելու փաստը հաստատել են ТАСС գործակալության իրազեկ աղբյուրները տաջիկական հատուկ ծառայություններում՝ հավելելով, որ գնդապետի հետ Սիրիայում են գտնվում նաև իրեն ենթակա մի քանի հատուկջոկատայիններ։