Հնդկաստանում «կալանքի տակ են առել» լրտես-աղավնուն

17:23 • 29.05.15

Հնդկաստանի հյուսիս-արևմտյան Փենջաբ նահանգում «ձերբակալել» են աղավնու, որը ենթադրաբար եկել է Պակիստանից, գրում է lenta.ru-ն:

 

Թռչնին ամրացված է եղել հաղորդագրություն, որի մի մասը գրված է եղել ուրդուով՝ Պակիստանի երկու պաշտոնական լեզուներից և Հնդկաստանի կառավարության կողմից ճանաչված 22 լեզուներից մեկով: Բացի այդ՝ այնտեղ նշված են եղել թվեր, որոնք հավանաբար հեռախոսահամար են եղել:

 

Կասկածելի աղավնուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 27-ին, նկատել է Պակիստանին սահմանակից գյուղերից մեկում բնակվող 14-ամյա մի տղա: Նա բռնել է թռչնին, նրան վանդակը դրել և տարել ոստիկանական բաժանմունք: Իրավապահ մարմինների աշխատակիցներն աղավնուն տարել են անասնաբուժական կլինիկա և ռենտգեն արել: «Ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել, բայց մենք նրան հսկողության տակ ենք վերցրել»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ այդ վայրեր հաճախ են թռչուներ գալիս Պակիստանից: «Մենք արդեն մի քանի «լրտես» ենք բռնել այստեղ»,- նշել է նա:

 

Գրանցման գրքույկում ոստիկաններն աղավնուն գրանցել են որպես «կասկածելի լրտես»: