Դինքի գործով թուրքական հետախուզական ծառայության պաշտոնյա է ձերբակալվել
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից շարունակվող քննության շրջանակում ձերբակալվել է սպանության շրջանում Ստամբուլի հետախուզության բաժնի պետերից Ալի Ֆուաթ Յըլմազերը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», Յըլմազերն արդեն ցուցմունք է տվել։
Դատարանը նրան «հանցագործություն իրականացնելու համար խմբավորում ձևավորելու», «կանխամտածված սպանությանն օժանդակելու» մեղադրանքներով կալանավորելու որոշում է կայացրել։
Յըլմազերի ձերբակալությամբ Դինքի սպանության գործի վերաքննության արդյունքում ձերբակալվածների թիվը հասավ 5-ի։
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։










