Կիևն առաջարկել է ԵՄ-ին տարբերակել «Արևելյան գործընկերության» անդամներին

15:34 • 29.05.15

Եվրամիությունում Կիևի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեևը հայտարարել է «Արևելյան գործընկերություն» նախագծի անդամներին տարբերակելու անհրաժեշտության մասին՝ առաջարկելով «առանձնացնել» Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից, հաղորդում է ria.ru-ն:

 

«Մենք կարող ենք ապահովել «Արևելյան գործընկերության» շրջանակում տարբերակման քաղաքականությունը: Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է առանձնացնել երեք երկրները (Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը) Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից»,- ասել է Ելիսեևը անվտանգության հարցերով Կիևի ութերորդ համաժողովի ժամանակ:

 

«Արևելյան գործընկերություն» նախագծի գլխավոր նպատակն է Եվրամիության մերձեցումը նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Բելառուս։

 

Կոնստանտին Ելիսեևը նաև նշել է, որ Կիևը հանդես է գալիս տարածաշրջանային գործընկերության վերսկսման, մասնավորապես՝ այնպիսի ձևաչափի, ինչպիսին է ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), «վերածննդի օգտին»:

 

«Այժմ Ուկրաինան այդ կազմակերպության ղեկավարն է: Մենք պետք է վերսկսենք անդրսահմանային կապերը և ավելի խիստ լինենք տարբեր միջազգային ֆորումներում, ինչպիսին են ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ը, մեր դիրքերը պաշտպանելու ժամանակ»,- հավելել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը: