Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է կայացել Վիեննայում

22:07 • 29.05.15

Մայիսի 28-ին Վիեննայի «Kempinski» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել «Արարատ» կոնյակի համտեսի միջոցառում` կազմակերպված Ավստրիայում ՀՀ դեսպանության և «ԱՐԱՐԱՏ» Երևանի կոնյակի գործարանի կողմից: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ կազմակերպչական և մասնագիտական շրջանների ներկայության ապահովման հարցերում հայկական կողմին իր օժանդակությունն է բերել Ավստրիայում «Պերնո Ռիկար» ընկերության ներկայացուցչությունը:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Իր ելույթում դեսպանը նշել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը 1918թ. հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է, երբ բազմադարյան անկախության կորստից հետո վերականգնվեց ազգային պետականությունը: Նա նաև հույս է հայտնել, որ նման միջոցառումների կազմակերպումը խրախուսելու և նպաստելու է հայկական արտադրատեսականու արտահանմանն ու շուկաների ընդլայնմանը:

 


Ներկաներին ողջունել են «ԱՐԱՐԱՏ» Երևանի կոնյակի գործարանի և «Պերնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչները: Այնուհետև գործարանի աշխատակցուհին ներկայացրել է Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման և զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաև արարողության մասնակիցներին ծանոթացրեց համտեսի մասնագիտական նրբություններին:


Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության և վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:


Ներկաները բարձր են գնահատել հայկական կոնյակի համային և որակական հատկանիշները: