Հաճախորդին ծեծի ենթարկած «կատաղած» ռուս մատուցողուհու տեսանյութը կեղծ է, բացահայտվել են մանրամասները. տեսանյութ
France 24 - ը հայտնում է, որ մի շարք առաջատար միջազգային ԶԼՄ-ներով տարածված տեսանյութը, որում ռուսաստանցի մատուցողուհին դաժան ծեծի է ենթարկում իրեն հետամտած հաճախորդին, իրականում կեղծված է: Ի դեպ, տեսանյութը տարածել էին նաև հենց ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ները:
Մայիսի 22-ին հայտնված սկանդալային տեսանյութը 8 մլն-ից ավելի դիտում էր ունեցել YouTube-ում. դրանում ցուցադրված է, թե ինչպես է հարբած հաճախորդը «ձեռ գցում» մատուցողուհուն, ինչից հետո կինը մի քանի անգամ ծանր հարված է հասցնում տղամարդուն` այնքան, որ նրան օգնություն ցուցաբերելու կարիք է զգացվում: Տեսանյութը ոճավորված է այնպես, ասես դա պատահաբար նկարահանվել է տեսահսկման համակարգով, սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է:
Աղբյուրը պարզաբանում է, որ իրականում ամեն ինչ այնպես է բեմադրված, որ իդեալական «տեղավորվում է» կադրում, ինչը պրոֆեսիոնալ միջամտություն է հուշում: Մասնագետները պնդում են նաև, որ անհնար է մարդուն նոկաուտի ենթարկել մենյուի հարվածներով, ինչը տեղի է ունենում կադրում: Դրանից բացի մատնանշվում է, որ այս կերպ նվաստացված տղամարդը չէր կարող հենց այնպես լքել ժամանցի վայրը, ինչը տեղի է ունենում կադրում. նա պետք է որ փորձեր հաշիվները մաքրել:
Ավելին՝ աղբյուրը բացահայտել է, որ նույն տեսանյութը` առանց տեսահսկման համակարգի էֆֆեկտի, իր հայտնի տարածումից 2 օր առաջ հայտնվել էր YouTube-ում, սակայն գրեթե ուշադրության չէր արժանացել: Այդտեղ նշվում է, որ տեսարանը նկարահանվել է Կազանի բարերից մեկում: Գտնելով այդ բարը և կապվելով` մասնագետները պարզել են, որ տեսանյութը նկարահանել է PR-մասնագետ Մարսել Ախմեթովը` այս կերպ ցանկանալով ուշադրություն հրավիրել «Սեզար բարի» վրա: Տեսարանի բոլոր մասնակիցները պրոֆեսիոնալ դերասաններ են:
Ախմեթովը պարզաբանել է, որ «մատուցողուհին» 60 կգ է կշռում, իսկ նրա «հաճախորդը»` 47 կգ, այնպես որ` հարվածներ ստանալուց հետո մի քանի ժամ տղամարդը գլխապտույտներ է ունեցել: Բայց ամենաուշագրավը` Ախմեթովն ասել է, որ տեղի մոտ 20 ժամանցի օբյեկտներից կապվել են իրենց հետ և փորձել աշխատանքի հրավիրել «մատուցողուհուն», որը իրականում պրոֆեսիոնալ դերասանուհի է:










