Ղրղզստանում իսլամիստների հավաքագրող 16-ամյա դեռահաս է ձերբակալվել
Ղրղզստանում ձերբակալվել է 16-ամյա դեռահաս, որը երկրի քաղաքացիներին Սիրիա էր ուղարկում՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է հանրապետության ՆԳՆ-ի 10-րդ գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Ռաիմ Սալիմովը։
ՆԳՆ ներկայացուցիչների տվյալներով՝ կասկածյալ Հոջիաքբար Ռահմանբերդիևը նման գործունեություն է ծավալել 2014 թվականի սեպտեմբերից։
«Ձերբակալվածը դժկամությամբ է գնում համագործակցության, սակայն ցուցմունք արդեն տվել է։ Նա ասել է, որ Սիրիա է ուղարկել ընդամենը 15 մարդու, սակայն մենք վստահ ենք, որ այդ թիվը շատ ավելին է»,-ասել է Սալիմովը։
Դեռահասը հիմնականում լուծել է կազմակերպչական հարցերը։ Նրան ուղղորդել է 26-ամյա քեռին, որը գտնվում է Սիրիայում։ Ծախսերը նրան է փոխանցել 35-40 տարեկան անհայտ կին, ում ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել։
Ռահմանբերդիևին ձերբակալել են Մոսկվայով դեպի Սիրիա 3 կանանց և 6 երեխաների ուղարկելու փորձի ընթացքում։










