Սան Պաուլոյի քաղաքապետարանը նախագահ Ռուսեֆին և Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

21:45 • 29.05.15

Մայիսի 26-ին Սան Պաուլոյի քաղաքապետարանը հանդիսավոր նիստ է անցկացրել` խորհրդի անդամ Ջիլբերտու Նատալինիի և Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:


Ինչպես տեղեկացնում է prensaarmenia.com-ը` նիստին ներկա էին Ջիլբերտու Նատալինին, Բրազիլիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Գևորգ Զատիկյանը, Հայկական հիմնադրամի փոխնախագահ Կարապետ Փիլավջյանը, նախկին փոխնախարար Կառլոս Խլագյանը, Սան Պաուլոյի Հայկական մշակութային ասոցիացիայի նախագահ Ջեյմս Օնիկ Թամջյանը և Ուրուգվայի հյուպատոս Ֆլավիա Պատրիսիա Ռեգիո Պիսանոն: Միջոցառմանն այցելել են նաև Իսրայելի գլխավոր հյուպատոսը և Կանադայի հյուպատոսը:



Նատալինին խնդրագիր է ներկայացրել` ուղղված Գերագույն դատարանին, Ներկայացուցիչների դաշնային պալատին, Բրազիլիայի Սենատին և նախագահ Դիլմա Ռուսեֆին, որով կոչ է արվում, որ Բրազիլիայի բոլոր իշխանական ուժերը միանան Հայոց ցեղասպանությունը` որպես լրջագույն պատմական փաստ,  ճանաչողներին:

 

11 մլն բնակիչ ունեցող Սան Պաուլոյում 60 000 հայ է բնակվում: