Virgin America-ի չվերթը հետաձգվել է՝ ուղևորներից մեկի ինքնասպանության սպառնալիքով գրառման պատճառով
Virgin America ավիաընկերության չվերթը հետաձգվել է, երբ ուղևորներից մեկը նկատել է, թե ինչպես է իր կողքին նստած մեկ այլ ուղևոր ինքնասպանության սպառնալիքով գրառում անում թռիչքից առաջ, գրում է mirror.co.uk-ը:
Սարսափած ուղևորը հաղորդագրությունը նկատելուց հետո զգուշացրել է անձնակազմին: Նա պատմել է, որ ուղևորը սկսել է չափազանց արագ և զայրացած գրել, և բացի այդ՝ նրա ուշադրությունը գրավել է տղամարդու տարօրինակ պահվածքը:
Ստացված նախազգուշացումից հետո օդաչուները հայտարարել են, որ պետք է վերադառնան Սան Ֆրանցիսկոյի օդանավակայան՝ մեխանիկական խնդիրները լուծելու համար: Մի քանի րոպե անց ոստիկանությունը մոտեցել է և դուրս ուղեկցել տղամարդուն: Կինը, ով նկատել է հաղորդագրությունը, պատմել է, որ տեսել է, թե ինչպես է տղամարդը գրում, որ պատրաստվում է սպանել իրեն և մյուսներին:
Հայտնի է դարձել, որ տղամարդը զինված չի եղել, մասնագետները ստուգում են նրա առողջական վիճակը։










