«Դոմոդեդովոյում» ուղևորատար ինքնաթիռների վրա ամպրոպից հետո կայծակի հետքեր են հայտնաբերվել (տեսանյութ)
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուրբաթ երեկոյան երկու ուղևորատար ինքնաթիռներ վայրէջք կատարելիս ամպրոպի պատճառով վնասվածքներ են ստացել: Այդ մասին Interfax.ru-ին հայտնել է օդանավակայանի դիսպետչերային ծառայություններում աղբյուրը:
«Նախօրեին Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 18:00-ին տեխնիկները Ֆերգանայից ժամանած A-320 ինքնաթիռի զննության ժամանակ հայտնաբերել են ստատիկ էլեկտրաէներգիայի հարվածի հետքեր: Այնուհետև կայծակի հարվածի հետքեր են հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգից ժամը 22:00-ին ժամանած Boeing-737 ինքնաթիռի վրա»,- ասել է աղբյուրը:
Միևնույն ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով ուղևորները երկար ժամանակ չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռներից:
«Ուշացումը եղել է 15-20 րոպեից մինչև երկու ժամ: Դա կայծակի ժամանակ անվտանգության պահանջները պահպանելու անհրաժեշտության հետ կապված միջոցառում է, քանի որ մարդկանց այդ ժամանակ արգելվում է գտնվել թռիչքային գոտում»,- ասել է գործակալության զրուցակիցը:










