ԱՄՆ հարկային ծառայությունը ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով նոր մեղադրանքներ է խոստանում
ԱՄՆ իրավապահ համակարգի ներկայացուցիչները համոզված են ՖԻՖԱ-ի գործունեության հետ կապված կոռուպցիոն գործարքների նոր մասնակիցների հայտնվելու հարցում, գրում է lenta.ru-ն:
«Ես վստահ եմ, որ մեզ սպասվում է մեղադրական եզրակացությունների նոր փուլ»,- հայտարարել է ԱՄՆ հարկային ծառայության քրեական հետաքննությունների ստորաբաժանման ղեկավար Ռիչարդ Վեբերը:
Նրա խոսքով՝ հանցավոր սխեմաների շղթան աստիճանաբար է բացվում. «մեկը բերում է մյուսին, և հետո էլի ու էլի»:
«Մենք միշտ էլ գիտեինք, որ դա շատ մեծ գործ կլինի»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչը: Ավելի վաղ նա ասել է, որ ձերբակալվածներին մեղադրում են հանցագործությունների համար, որոնք շարունակվել են 20 տարի:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ մայիսի 27-ին, Ցյուրիխում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է ՖԻՖԱ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ նաև գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը և Էուխենիո Ֆիգերեդոն:










