Սպորտն էլ բանակցության մի տեսակ է, պետք է մասնակցել և հաղթել. Թևան Պողոսյանը՝ Բաքվի Եվրոպական խաղերի մասին
Ամեն տրված հնարավորություն պետք է օգտագործել, պետք է մասնակցել և հաղթանակով նրանց ջարդը տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում խոսելով Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային առաջին խաղերի մասին, ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով նախորդ տարի մասնակցել էր Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարին:
«Մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք դա գիտակցում ենք և չենք վախենում: Չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, թե մենք գնում ենք բանակցությունների՝ վախի պատճառով. երբեք չպետք է վախենալ բանակցություններից: Այդ պարագայում մենք կհաղթենք: Սպորտն էլ բանակցության մի տեսակ է, քանի որ այդտեղ քո ուժով ես ապացուցում, քո մոտեցմամբ, քո հնարավորություններով»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է հունիսի 12-18-ը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկների կազմը:
«Վստահ եմ, որ Բաքվում անպայման հաղթանակներ ունենալու ենք, և անպայման հայոց եռագույնը ծածանվելու է ու հայկական հիմնը հնչելու է այնտեղ, և այդ բերկրանքը, որ յուրաքանչյուրս ապրելու է, ավելին է լինելու, քան որևէ ճնշում»,- նշեց Թևան Պողոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակից ելքն այն է, որ չպետք է վախենալ, պետք է կարողանալ հաղթահարել այդ հոգեբանական իրավիճակը:
Պատգամավորի խոսքով՝ հիմա աշխարհն էլ է հասկանում, որ իրենք ժամանակին այդքան էլ դրական որոշում չեն կայացրել խաղերը Բաքվում անցկացնելու հարցում, բայց հիմա մի քիչ դրանից հետ են կանգնել: «Այդ տեսակի միջոցառումների խնդիրները նաև ընկալում և դաս են դառնում որոշում կայացնողների համար, որպեսզի այդպիսի բաներ հետագայում թույլ չտան»,- ասաց նա:
Իր ասածը հիմնավորելու համար Թևան Պողոսյանը որպես օրինակ նշեց անցյալ տարի Բաքվում տեղի ունեցած Rose-Roth սեմինարը:
«Այս հունիսին սեմինարը տեղի է ունենալու Երևանում, քանի որ որոշվել էր, որ մեկ տարի անց է կացվելու Ադրբեջանում, մեկ տարի՝ Հայաստանում, մենք մասնակցեցինք Բաքվի սեմինարին, այժմ ադրբեջանցիները հրաժարվում են գալ Երևան: Սա ավելի շատ խնդիր և ընկալում է առաջացրել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների մոտ, թե որ կողմն է ճիշտ, որ կողմը՝ սխալ»,- նկատեց Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ սադրանքներ անպայման կլինեն։ «Հիմա նույնիսկ կարևոր չէ, թե իրենք ինչ են անելու, ինչ-որ մի բան անելու են: Մենք չպետք է մոռանանք, որ պատերազմի մեջ ենք, մեր պատերազմը չի ավարտվել: Այդ նույն վիճակում չպետք է մոռանանք, որ սա էլ պատերազմի մի բաղադրիչն է լինելու, և դրանից չվախենալով պետք է գնանք և մեր հաղթանակները տոնենք»,- ասաց նա։










