ԱՄՆ-ում ոստիկանը ջրհեղեղից փրկել է մի տղամարդու, այնուհետև կրակելով սպանել նրան
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում ոստիկանության աշխատակիցները ջրհեղեղից երկու տղամարդու են փրկել, որից հետո նրանցից մեկի նկատմամբ ստիպված են եղել հրազեն կիրառել, գրում է ABC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ին Տալսա քաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Ավտոմեքենան, որի մեջ գտնվելիս են եղել տղամարդիկ, հեղեղված ճանապարհի պատճառով խրված է եղել փողոցի մեջտեղում։
«Նրանց օգնության են եկել ոստիկանները և պահանջել են վարորդներին անվտանգության համար դուրս գալ մեքենաներից։ Նրանք երկուսն էլ դժգոհել են»,- պատմել է ոստիկանության կապիտան Փոլ Թիմոնսը։
Այն բանից հետո, երբ ոստիկաններին հաջողվել է համոզել տղամարդկանց լքել հեղեղված տարածքը, նրանցից մեկը դժգոհությունից դրդված հարձակվել է ոստիկանի վրա, որի հետևանքով սպան կրակել ու սպանել է նրան։
Դեռևս հայտնի չէ քանի կրակոց է կատարել ոստիկանը, ինչպես նաև հայտնի չէ արդյոք միայն մեկ ոստիկանն է կրակել, թե՞ երկուսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Տեխաս և Օկլահոմա նահանգներում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 28-ի։
Դիտեք ԱՄՆ-ում բնական աղետի մասին պատմող ֆոտոշարքը։










