Ադրբեջանցի ընդդիմադիրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

17:21 • 01.06.15

Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանն այսօր վճիռ է կայացրել Ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Էլվին Աբդուլաևի նկատմամբ: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրանյութ պահելու համար և դատապարտել 6 տարվա ազատազրկման, հաղորդում է contact.az-ը:

 

Հիշեցնենք, որ Աբդուլաևն Ադրբեջանի մանկավարժական համալսարանի ուսանող է, ձերբակալվել է 2015 թվականի հունվարի 8-ին՝ քննությունը հանձնելուց հետո: Ոստիկանությունը պնդում է, որ Աբդուլաևի մոտ հայտնաբերվել է երեք գրամ հերոին:

 

Ուսանողը, սակայն, հայտարարել է, որ թմրանյութերը գցել են իր իրերի մեջ, ինչի պատճառ է եղել իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը։

 

Քննության ընթացքում Աբդուլաևի մեղքը չի ապացուցվել: Կուսակցության երիտասարդական կոմիտեն կարծում է, որ երիտասարդին հետապնդում են քաղաքական շարժառիթներով: Բացի երիտասարդական կոմիտեում իր ակտիվ մասնակցությունից՝ նա նաև իշխանությունների մասին խիստ քննադատական նյութեր է հրապարակել Facebook-ում: Աբդուլաևը դարձել է Ժողովրդական ճակատ կուսակցության արդեն ութերորդ ձերբակալված ակտիվիստը: