Եվրահանձնաժողովի նախագահը սպառնացել է հանել Հունգարիային Եվրամիությունից

12:20 • 01.06.15

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սպառնացել է հանել Հունգարիային Եվրամիությունից, եթե երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն այնուամենայնիվ հավանության արժանացնի մահապատժի կիրառման հնարավորությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ապրիլի վերջին Օրբանը հանդես է եկել Եվրամիության գործընկերների հետ մահապատժի վերականգնման հնարավորության շուրջ քննարկում սկսելու առաջարկով:

 

Ինչպես նշել է Յունկերը գերմանական Süddeutsche Zeitung լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ մահապատժի վերականգնումը Հունգարիայում կարող է «ԵՄ-ից բաժանման պատճառ դառնալ»:

 

Միևնույն ժամանակ, Յունկերը նախազգուշացրել է Եվրամիությանը եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու վերաբերյալ: Նրա խոսքով՝ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կարող է հանգեցնել Եվրոպայի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակի նվազման:

 

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին շարունակել մասնակցությունը Հունաստանի տնտեսությունը փրկելուն ուղղված ջանքերին: