ՄՄ-ն՝ բաց դռներ բիզնեսի, սակայն նաև երեխաների թրաֆիքինգի համար. ՀԿ ներկայացուցիչը մտահոգ է

14:22 • 01.06.15

Մաքսային միություն՝ բաց դռներ բիզնեսի համար, բաց դռներ երեխաների թրաֆիքինգի կամ անօրինական որդեգրումների  համար. այս մասին  «Երեխաների իրավունքների պաշտպանությունը մարզերում» թեմայով քննարկմանն այսօր հայտարարեց  Գյումրիի «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի համակարգող Արմեն Պետրոսյանը:
 

«Ես անհանգստանում եմ` Մաքային միություն, դռները բաց են բիզնեսի համար, ինքը նաև բաց է թրաֆիքինգի համար, վաճառքի համար ու անօրինական որդեգրումների: Սա ռիսկ է»,-նկատեց ՀԿ-ի ներկայացուցիչը:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն էլ  նման վտանգներ տեսնում է:


«Երեխաների առուվաճառքը շատ հասկանալի տերմին է և կարող է լինել, և պատկան մարմինները պետք է հետևողական լինեն: Ինչ վերաբերում է  «անօրինական որդեգրում» տերմինին, ապա այն սխալ է, եթե որդեգրում է, ուրեմն որդեգրում է, եթե չէ, ուրեմն անօրինական առուվաճառք»,-նկատեց նախարարության ներկայացուցիչը:


Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանն էլ կարևորեց  այն, որ հատկապես մարզերում Խնամակալության և հոգաբարձության խորհուրդները լիարժեք գործեն:


«Ցավոք սրտի, ոչ լիարժեք գործունեություն են կարողանում  ծավալել: Քաղաքային և գյուղական համայնքների միջև տարբերություն կա, որովհետև քաղաքում աշխատակազմը մի փոքր շատ է և կարողանում են մի փոքր պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել»,-ասաց տիկին Նաիրան՝ նշելով, որ բազմիցս բարձրացրել են խնդիրը, որ միջոցներ հատկացվեն` համայնքներում սոցիալական աշխատատեղի հաստիք հատկացնելու համար:


Նշենք, որ մարզերում գործում են  սոցիալական ցերեկային կենտրոններ, որոնց համար միջազգային կազմակերպությունները բավականին ներդրումներ են ունեցել:

 

«Բայց ցավոք, Արմավիրում, Արարատում , Կոտայքում նման կենտրոններ չկան  և հետագայում երեխաները դուրս են մնում և հայտնվում են մեծ խնդիրների առաջ»,-նկատեց ՀԿ-ի ներկայացուցիչը:


Նա նշեց, որ պարտադիր բոլոր համայնքներում պետք է լինեն նման կենտրոններ, հատկապես այս շրջանում, երբ գյուղական համայնքներում բոլորը զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով և երեխաները կամ  առանց ուշադրության են մնում, կամ իրենք են ամիսներով զբաղված լինում «հողային աշխատանքներով»: