Սիրո մեջ մեծացող երեխան ապագայի օրինակելի ծնողն է. այսօր երեխաների տոնն է (լուսանկարներ)

11:43 • 01.06.15

Հունիսի 1-ը կրկնակի տոն է միլիոնավոր մարդկանց համար, քանի որ այն ոչ միայն ազդարարում է երկար սպասված ամռան սկիզբը, այլև` աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, որը համարվում է աշխարհի ամենահին միջազգային տոներից մեկը:

 

Ինչպես նշում է calend.ru-ն, տոնը հռչակվել է 1925թ.` երեխաների բարեկեցության հարցերին նվիրված ժնևյան համաշխարհային համաժողովի շրջանակում: Այնուհանդերձ՝ հայտնի չէ, թե ինչո՞ւ է այդ տոնը սահմանվել հենց հունիսի 1-ին: Ըստ վարկածներից մեկի՝ Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսն այդ օրը հավաքել է չինացի որբուկներին ու նրանց համար մեծ տոնախմբություն կազմակերպել: Ի դեպ, նույն օրն է անցկացվել նաև Ժնևի վերոհիշյալ «մանկական» համաժողովը:



Հայտնի է, որ Երեխաների միջագային օրն ունի իր սեփական դրոշը. աճ, ներդաշնակություն, թարմություն ու բերրիություն խորհրդանշող կանաչ գույնի ֆոնին տեղակայված են բոլոր երեխաների ընդհանուր տան` Երկիր մոլորակի նշանն ու կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ ու սև մարդկային ֆիգուրներ: Դրանք խորհրդանշում են բազմազանությունն ու համբերատարությունը:



Ժամանակակից աշխարհում Հունիսի 1-ը նշվում է բազմաթիվ զանգվածային մշակութային ու զվարճանքի միջոցառումներով, որոնք ամբողջությամբ նվիրված են երեխաներին: Սակայն կարևոր է հիշել, որ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը ոչ միայն ուրախ տոն է, այլև` հիշեցում հասարակությանն այն մասին, որ անհրաժեշտ է պաշտպանել երեխաների իրավունքները, որպեսզի նրանք երջանիկ մեծանան, կրթություն ստանան, զբաղվեն սիրած գործով ու ապագայում լինեն օրինակելի ծնողներ ու քաղաքացիներ: