Ինչպե՞ս է սփյուռքի նախարարը խոսում հայապահպանության մասին, երբ Սիրիայում հայեր են կոտորվում. Ա. Մանուկյան

16:47 • 01.06.15

Տիկին Հրանուշ, նենց սիրուն եք ներկայացնում, ոնց որ դուք ուրիշ աշխարհից եք, մենք ուրիշ. ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից կատարողականը ներկայացնելուց հետո ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

 

ՀԱԿ պատգամավորի համար անհասկանալի էր՝ ինչպե՞ս է Սփյուռքի նախարարը խոսում հայապահպանության մասին, այն դեպքում, երբ Սիրիայում հայեր են կոտորվում։

 

«Վաղը ասելու եք՝ այս ի՞նչ դաժան, անարդար աշխարհ է, այդ ինչպե՞ս վերաբերվեցին մեր սփյուռքի հետ։ Սիրիայում այլ լուծում չկա, այդ մարդկանց շտապ տեղահանել է պետք, իսկ որ եկեղեցին կամ կուսակալությունները չեն ցանկանում, դա լրիվ այլ նպատակ է հետապնդում։ Այսօր Քեսաբը չկա, եկեղեցիները չկան, էլ ի՞նչ է պետք ,որ համոզվեք»,- ասաց նա և հավելեց, թե պետք է սիրիահայերին հայրենիք տեղափոխել և շտապ:

 

ՀԱԿ պատգամավորը նաև նկատեց, թե ինչպե՞ս է նախարարը խոսում սփյուռքի հետ ակտիվ աշխատանքից և սփյուռքի վստահությունից, եթե 2 անգամ պակասել է Սփյուռքից եկող տրանսֆերտների քանակը։

 

«Ախր մենակ «Արի տուն» ասելով չի, երբ մի ամբողջ իշխանություն ասում է՝ գնա տնից, հո մենակ թռուցիկներով ու համերգներո՞վ չէ, պետք է նաև տնտեսապես շահագրգռել»,- ասաց պատգամավորը։

Նախարարին հարցադրումները դուր չեկան։
 

«Գամ ստեղ կմկմա՞մ, որ դուր գամ»,-հարցրեց նա և պնդեց, թե կառավարությունն իր առջև դրել է ծրագրեր իրականացնել և նա իրականացնում է։


«Տարբեր երկրներ եք գնում, ճշտեք՝ մեզ ընդունո՞ւմ են, թե չեն ընդունում։ Այսօր 5-6 համահայկական կառույցի հետ մենք պայմանագիր ունենք, քանի որ նրանք զգում են, որ մեր իրականացրած ծրագիրը շատ կարևոր դեր է խաղում Սփյուռքի համար»,-ասաց նա և շեշտեց, որ սփյուռքում հայկական դպրոցների հետ կապված խնդիր կա և նա չի կարող ստիպել սփյուռքահային լավ կրթությունը թողնել և որակով ավելի թույլ դպրոց ընտրել։