Սաակաշվիլին մտադիր չէ հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից

12:52 • 01.06.15

Ուկրաինայի Օդեսա շրջանի նոր նահանգապետ և նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել վրացական քաղաքացիությունից, գրում է gazeta.ru-ն:

 

«Ուկրաինայի օրենսդրությունը նախատեսում է երկու տարվա անցումային փուլ մինչև մեկ այլ քաղաքացիությունից դուրս գալը: Ուկրաինայում կարելի է լինել Ուկրաինայի քաղաքացի և չհրաժարվել մեկ այլ երկրի քաղաքացիությունից»,- նշել է Սաակաշվիլին:

 

Բացի այդ՝ նա ընդգծել է, որ եթե Վրաստանի նախագահը զրկի իրեն քաղաքացիությունից, «այդ քաղաքացիությունը կվերականգնի վրացի ժողովուրդը»:

 

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար էր արտահայտվել Սաակաշվիլիի քայլի առնչությամբ՝ ասելով. «Ցանկանում եմ իմ բացասական վերաբերմունքն արտահայտել: Նախկին նախագահը չպետք է հրաժարվեր Վրաստանի քաղաքացիությունից»։

 

Այսօր հաղորդվել է նաև, որ Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ վրացական քաղաքացիությունից զրկվելը չի խանգարի իրեն վերադառնալ հայրենիք։