Բաներ կան՝ ազգային արժանապատվության պատճառով չես կարող խոսել. «Շիրակ» ՀԿ-ի ղեկավարը՝ տնակային ավանների երեխաների պայմանների մասին

17:41 • 01.06.15

Գյումրիի շուրջ 3500 տնակային ավաններում բնակվող երեխաների 60-70 տոկոսը հիգիենայի հետ կապված խնդիրներ ունեն:

 

«Բաներ կան, ազգային արժանապատվության, ամոթի պատճառով չես կարող խոսել, ուղղակի զարմանալի, որ 21-րդ դարում մասսայական ոջլոտություն է... Մեր էս մեծ-մեծ խոսելու, հնչած կարգախոսների ֆոնին մենք ունենք երեխաներ, որ ամեն րոպե քորվում են… Տարրական հիգիենայի խնդիր ունեն: Իշխանությունները չեն էլ պատկերացնում՝ ինչ վիճակ է»,- Tert.am-ին այսօր` հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը տնակային ավաններում բնակվող երեխաների վիճակին անդրադառնալով՝ ասաց «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը:


Նրա խոսքով Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց առաջարկով Գյումրիի քաղաքային բաղնիքում ամիսը երեք անգամ անվճար բաղնիքի հնարավորություն են տվել տնակային ավանի 1000-ից ավելի բնակչի, ինչպես նաև ամիսը 1 անգամ վարսահարդարի մոտ այցելության հնարավորություն։


Ընդգծելով, որ միայն որոշ հասարակական կազմակերպությունների, միջազգային հիմնադրամների միջոցով հարցին հնարավոր չէ լուծում տալ, Վահան Թումասյանն ասաց, որ պետք է համակարգված մոտեցում ու պետական աջակցություն:


«Իրենց մտքով էլ չի անցնում ապրում են էլի, նպաստ են ստանում, բայց երեխաներն իրականում քաղցած են, կես դույլ ջրի կարոտ են»,- ասաց Վահան Թումասյանը:
 

Այսօր «Շիրակ» կենտրոնը, «Գյումրին մեր տունն է» կազմակերպության հետ միասին ցերեկույթ են կազմակերպել տնակային ավանների երեխաների համար, նվերներ բաժանել և երեխաները իրենց ուղերձն են հղել աշխարհի բոլոր մանուկներին: