ԱՄՆ-ում այսօր ավարտվում է քաղաքացիներին լրտեսել թույլատրող օրենքի ժամկետը

10:23 • 01.06.15

ԱՄՆ-ում հունիսի 1-ին ավարտվում է այսպես կոչված՝ Հայրենասիրական ակտի գործողության ժամկետը, որն իրավունք է տալիս հատուկ ծառայություններին հեռահաղորդակցության ոլորտում զանգվածային լրտեսություն իրականացնել քաղաքացիների նկատմամբ, գրում է lenta.ru-ն:

 

ԱՄՆ ազատության ակտի վերաբերյալ քվեարկությունը, որը պետք է հետագայում կարգավորի հատուկ ծառայությունների աշխատանքը, հետաձգվել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլի պահանջով, ով դեմ է հանդես գալիս տվյալների հավաքագրմանը:

 

Սպասվում է, որ սենատորները կվերադառնան հարցի քննարկմանը երեքշաբթի՝ հունիսի 2-ի առավոտյան:

 

Ria.ru-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը կոչ է արել սենատորներին հնարավորինս արագ անցնել օրենքի քննարկմանը և արագացնել օրենքի ընդունումը, որը թույլ կտա ամերիկյան հատուկ ծառայություններին վերսկսել քաղաքացիների մասին տվյալների զանգվածային հավաքագրումն ահաբեկչական գործողությունները կանխելու համար:

 

Հայրենասիրական ակտն ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Այն իշխանություններին լայն լիազորություններ է տալիս քաղաքացիներին հետևելու, մասնավորապես՝ հեռախոսազրույցները և էլեկտրոնայիան փոստը վերահսկելու համար: