Արևմուտքի պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել «Ռոսատոմ»-ի աշխատանքի վրա. Կիրիլ Կոմարով

10:59 • 02.06.15

Արևմուտքի պատժամիջոցներն առայսօր որևէ կերպ չեն ազդել Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատանքի վրա, այս մասին Մոսկվայում ընթացող «Atomexpo-2015» 7-րդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց «Ռոսատոմ» ընկերության միջազգային բիզնեսի և զարգացման հարցերով տնօրեն Կիրիլ Կոմարովը:
 

«Մեր պայմանագրերից ոչ մեկը, մեր ընկերություններից ոչ մեկը, մեր աշխատողներից ոչ ոք չի հայտնվել այդ պատժամիջոցների տակ»,- ասաց նա` ավելացնելով, որ այսօր գրեթե բոլոր պետությունները պատկերացնում են, թե որքան զգայուն է ատոմային համագործակցության ոլորտը, և սա, այսպես ասած, «վերջին գոտին» է, որին առնչվում են պատժամիջոցները:
 

«Ատոմային էներգետիկային վերաբերող բոլոր նախագծերը երկարաժամկետ են: Ի՞նչ է նշանակում ժամանակակից ատոմակայանի կառուցումը. 10 տարի տևում է կառուցումը, 60 տարի` շահագործումը, ևս 20-30 տարի` շահագործման երկարաձգման համար և 10 տարի կայանը շահագործումից հանելու համար: Սրանք շատ երկար ժամկետներ են և այս ժամանակահատվածում շատ տարբեր բաներ կարող են տեղի ունենալ»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե երկրները լուրջ են տրամադրված ատոմային ոլորտում համագործակցությանը, ապա քաղաքական անկայունությունը որևէ կերպ չպետք է ազդի այդ համագործակցության վրա:
 

Կիրիլ Կոմարովը որպես օրինակ բերեց այն, որ նույնիսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ժամանակ «Ռոսատոմ» ընկերությունը շարունակել է կատարել ամերիկյան ընկերությունների հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և նույնկերպ շարունակում է վարվել նաև բոլոր գործընկերների հետ:
 


«Ոչ մի վայրկյան պայմանագրի գործունեությունը չի դադարեցվել ո՛չ ռուսական, ո՛չ էլ ամերիկյան կողմից: Նույնը նաև այսօր, մենք շարունակում ենք կատարել պայմանագրերով սահմանված մեր պարտավորությունները: Մենք հաստատակամորեն հավատում ենք, որ ատոմային էներգետիկայի ոլորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի և պայմանագրային պարտավորությունները պետք է կատարվեն»,- իր խոսքն ավարտեց նա: