Air France-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Խաբարովսկի օդանավակայանում
Air France ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ՌԴ Խաբարովսկ քաղաքի օդանավակայանում, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ Ռոսավիացիայի աղբյուրը:
Ինչպես հաղորդվում է՝ ինքնաթիռն իրականացնում էր Տոկիո-Փարիզ չվերթը:
Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջքն իրականացրել է անջատված շարժիչով: Վայրէջքը բարեհաջող իրականացվել է Մոսկվայի ժամանակով 7:32-ին:
Ռուսաստանի քննչական մարմինները ստուգում են վթարային վայրէջքի դեպքը:
«Այժմ քննիչները ստուգիչ միջոցառումներ են իրականացնում, որոնք ուղղված են տեղի ունեցածի հանգամանքները, ինչպես նաև պատճառները պարզելուն»,- հայտարարել են քննչական վարչությունում:
Ստուգումների արդյունքներով կարող է քրեական գործ հարուցվել։










