Ադրբեջանը կրկնում է՝ պատրաստ է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը. Մամեդյարովի հարցազրույցը НГ-ին

10:08 • 02.06.15

Օրերս Մոսկվա էր այցելել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Независимая газета» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարարը պատմել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Ադրբեջանի քաղաքականության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է երկիրը պատրաստվում հյուրընկալել պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը: Չի շրջանցվել նաև ԼՂ հակամարտության կարգավորման թեման։

 

«Независимая газета»-ի թղթակից Վիկտորյա Պանֆիլովայի հետ զրույցում ադրբեջանցի նախարարն ասել է, որ Ադրբեջանը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը սկսել խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը:

 

«Ինչպես հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետությունների ղեկավարների մակարդակով՝ գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է և անթույլատրելի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ «Ադրբեջանի դիրքորոշման քաղաքական և իրավական հիմքը կազմում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը և միջազգային այլ փաստաթղթեր»:

 

«Անցած տարի բավականին ինտենսիվ է եղել՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մակարդակով բանակցային գործընթացի հետ կապված: Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ հանձին այդ երկրների ղեկավարության, ակտիվ մասնակցել են այդ գործընթացին: Անցած տարի օգոստոսին նախագահ Պուտինը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին -Tert.am) հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ Սոչիում, սեպտեմբերին պետքարտուղար Քերին (ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի-Tert.am) հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, իսկ հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Օլանդը նախագահներին հրավիրել է Փարիզ՝ հանդիպման, որտեղ նրանք անցկացրել են երկկողմ և եռակողմ քննարկումներ»,- ասել է նա: