Չինաստանում նավ է խորտակվել. ուղևորների փրկարարական աշխատանքներին ներգրավված է 1.000 փրկարար

08:45 • 02.06.15

Մոտ 1.000 փրկարար և 54 նավակ է մասնակցում Չինաստանում Յանցզի գետում խորտակված «Արևելյան աստղ» նավի ուղևորների փրկության գործողությանը, հաղորդում է ria.ru-ն:

 

Reuters գործակալության հաղորդմամբ՝ ոստիկանությունը հարցաքննության համար ձերբակալել է «Արևելյան աստղ» նավի նավապետին և գլխավոր ինժեներին:

 

Փրկարարները հայտնում են, որ նավի միջից ձայներ են լսվում: Որոշ տվյալներով՝ արդեն փրկվել է 10-ից մինչև 20 մարդ: Գետի խորությունը նավաբեկության վայրում 15 մետր է: 

 

Hubei Daily թերթի տեղեկություններով՝ խորտակված նավը պատկանում է Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը։

 

Նավը խորտակվել է Հուբեյ շրջանում տեղի ժամանակով մոտ 21:28-ին: Այն Նանկինից ուղևորվում էր Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին: ԶԼՄ-ների տվյալներով՝ նավի վրա եղել է 405 ուղևոր՝ Չինաստանի քաղաքացի, անձնակազմի 47 անդամ և զբոսաշրջային գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը և գլխավոր ինժեները հայտնել են, որ նավաբեկությունից առաջ նավը հայտնվել է ցիկլոնային գոտում:

 

Փրկարարական աշխատանքները դժվարացնում են ուժեղ քամին և հորդառատ անձրևը: Դեպքի վայր է ուղևորվել երկրի վարչապետ Լի Կեցյանը: