Ժողովրդի վիճակը հիմնականում կախված է կառավարումից. Ռուբեն Աղուզումցյան

13:59 • 02.06.15

Ժողովրդի վիճակը հիմնականում կախված է կառավարումից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Նա նշեց, որ վերջին թանկացումների պատճառը հենց կառավարման համակարգն է:
 

«Վերջերս է սկսել ժամանակակից և որակով կառավարիչների պատրաստումը»,-ասաց նա և նկատեց, որ նախկինում աշխատանքի էին ընդունում աշխատողներին ոչ թե գիտելիքների հիման վրա, այլ ուրիշ հատկություններով, ինչը ևս մինչ հիմա շարունակվում է:
 

Նա նշեց, որ նկատել է նաև, որ հիմա ընդունում են աշխատողների, որոնք պատրաստված են ցանկալի ուղղությամբ, նաև կառավարման ակադեմիան ավարտողերից մի քանի տասնյակ հոգի ընդունվել են աշխատանքի պետական համակարգում:


ԵՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ռուբեն Հայրապետյանը ևս համաձայնեց, որ կառավարման մասնագետները մեր երկրում նոր են սկսում պատրաստվել և համալսարանների վրա այդ առումով մեծ առաքելություն է դրված:


«Կառավարման հիմնախնդիրները շատ-շատ են Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նա և նշեց, որ երբեմն պաշտոններ զբաղեցնող մարդիկ համակարգային մոտեցման մեթոդներին չեն տիրապետում:


Նա կառավարման ամբողջ համակարգում երեք ամենաէական հատկանիշ նշեց՝ համակարգային մոտեցում, ռազմավարական կառավարում և ժողովրդավարական կառավարումը՝ նկատելով, որ ներկայիս կառավարության անդամների դիպլոմների քանակը տարբերվում է տասը-տասնհինգ տարի առաջ կառավարության անդամների դիպլոմների քանակից: