«Իսլամական պետությունը» զրկել է Անբար շրջանի բնակիչներին խմելու ջրից՝ փակելով ջրամբարը

16:54 • 02.06.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փակել են վերջերս գրաված Էր-Ռամադի քաղաքի ջրամբարը: Այդ մասին հայտարարել է Իրաքի Անբար շրջանի խորհրդի անդամ Թախ Աբդուլղանին, գրում է ria.ru-ն:

 

Անցած շաբաթ ԻՊ-ին հաջողվել է գրավել ռազմավարական կարևորություն ունեցող Էր-Ռամադի քաղաքը, որը գտնվում է Բաղդադից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա:

 

Արգելափակելով ջրամբարը՝ գրոհայինները դադարեցրել են խմելու ջրի մատակարարումն Ալ-Խալիդիա և Ալ-Խաբանիա քաղաքներ: Աբդուլղանիի կարծիքով՝ ԻՊ-ը փորձում է հեշտացնել իր մարտիկների տեղաշարժն այդ քաղաքներ:

 

«Եփրատ գետը խանգարում է ԻՊ-ի գրոհայինների առաջխաղացմանը»,- նշել է Աբդուլղանին:

 

Նաև նշվում է, որ գրոհայինների գործողությունների հետևանքով հնարավոր է ծարավից մահվան դեպքեր գրանցվեն խաղաղ բնակիչների շրջանում: ԻՊ-ն այդկերպ ստիպում է նրանց տեղափոխվել շրջանի արևելյան թաղամասերից Էր-Ռամադի քաղաք: Աբդուլղանին կոչ է արել ռազմական գործողություն իրականացնել և հետ վերցնել ջրամբարի վերահսկողությունը կամ օդային հարված հասցնել ջրամբարի ուղղությամբ: